CITY RESEARCH CENTER

NGO

Հարավկովկասյան «ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» վավերագրական ֆիլմերի փառատոն

www.ya-chelovek.caucasus.net

Սեպտեմբերի 28,29,30, 2007 թ.

Գյումրի

 

Հարավկովկասյան «ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» Փառատոնը ընգրկում է վավերագրական ֆիլմերի շարք նկարահանված մի շարք երկրներում: Ֆիլմերը պատմում են աշխարհի տարբեր անկյուններում ծագած կոնֆլիկտների եւ պատերազմների մասին, եւ թե ինչպես են դրանք անդրադառնում մարդկանց կյանքին, ճակատագրին եւ ապագային:

Փառատոնը նախաձեռնվել է Հենրի Բյոլի անվան հիմնադրամի եւ Բաց Հասարակության Ինստիտուտի հարավկովկասյան ցանցի կողմից եւ անցկացվում է Հարավային Կովկասի տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում՝ նպատակ ունենալով առաջ քաշել խաղաղությանը եւ մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներ, որոնք առկա են նաեւ մեր տարածաշրջանում: Այս ֆիլմերը օգնում են վերանայել հանդիսատեսի վերաբերմունքը շատ հարցերի շուրջ եւ հասնել խաղաղությանը սեփական հոգում, ինչպես նաեւ այն միջավայրում, որտեղ նա բնակվում է:

2007 թ. սեպտեմբերի 28-30 փառատոնը հյուրընկալեց Գյումրիում՝ առիթ հանդիսանալով մեկ տեղ հավաքել գյումրեցիենրին ու շիրակցիներին քննարկելու խաղաղ համակեցությանը, փոխհարգանքին, փոխզիչմանը վերաբերող խնդիրներ եւ նման այլ հարցեր:

Փառատոնը հետապնդում էր նաեւ կրթական նպատակներ եւ ենթադրում էր մշակութային կյանքի ակտիվացում Գյումրիում եւ Շիրակի մարզում:

Այսպիսով, փառատոնի օրերին ցուցադրվեցին 6 վավերագրական ֆիլմ պաղեստինա-իսրայելական, սերբիա-խորվատական, ամերիկա-վյետնամական եւ այլ կոնֆլիկտների մասին:

Հարավկովկասյան տարածաշրջանում նույնպես առկա են բազմաթիվ ակտիվ եւ սառեցված, հին ու նոր կոնֆլիկտներ: Կոնֆլիկտներ, պատերազմներ, մարդկային ցավ ու տառապանք. զարհուրելի դիմագծերը կարծես կրկնվում են աշխարհի բոլոր ծայրամասերում անկախ աշխարհագրական վայրից, բնակչության ազգային ու կրոնական պատկանելությունից, մաշկի գույնից ու տնտեսական պայմաններից: Ֆիլմերում արծածված թեմաները չէին կարող անմասն թողնել Գյումրեցի հանդիսատեսին, որն հիմնականում ներկայացված էր դպրոցականներով ու նրանց ուսուցիչներով: Երբեմն թվում էր, թե առաջին հայածքից այդ լուրջ, ծանր, շատ դեպքերում էլ երկար թվացող ֆիլմերը կձանձրացնեն երիտասարդ հանդիսատեսին: Այնուամենայնիվ, երիտասարդները մեծ համբերատարությամբ ու հետաքրքրությամբ դիտում էին կինոնկարները՝ ամբողջ էությամբ ընդունելով դրանց իմաստն ու էությունը իրենց հոգիների մեջ: Դիտումից հետո նրանք մեծ պատրաստակամությամբ քննարկում էին սյուժեները եւ կիսվում իրենց կարծիքներով ու տպավորություններով:

Քննարկումների ժամանակ դպրոցականները հայտնում էին շատ հետաքրքիր ու ինքնատիպ տեսակետներ ինչպես ֆիլմերում պատմվող դեպքերի, այնպես էլ մեր իրականության վերաբերյալ:

Ակամայից քննարկումները տեղափոխվում էին մի այլ դաշտ՝ մեր երկրում առկա խնդիրներ եւ հարեւանների հետ հարաբերությունների կառուցում:

Այլ կոնֆլիկտների, այլ օրինակների դիտարկումը օգնեց մեր հանդիսատեսին նայել սեփական խնդիրներին այլ աչքերով, դատել ավելի առողջ ու անկողմնակալ:

Քննարկումների ընթացքում հնչեցին բազմաթիվ կարծիքներ թշնամուն կամ հակառակորդին ներելու կարողության մասին, սիրո եւ ներելու գաղափարի մասին, որոնք կարող են փրկել աշխարհը: Կոչ արվեց երիտասարդներին դիտարկել երեւույթներն ավելի լայն տեսանկյունից, չսահմանփակվել սեփական կամ ազգային տեսակետի բացարձակ ճշմարտությամբ, դիտարկել աշխարհը որպես ամբողջականություն եւ սեփական երկիրը, քաղաքը, անձը որպես այդ ամբողջության մեկ մասնիկ:

Փառատոնի շրջանակներում անցկացվեցին նաեւ այլ տիպի միջոցառումներ. դպրոցականների նկարների ցուցահանդես եւ շարադրությունների մրցույթ «Իմ ընկերները եւ իմ թշնամիները» թեմայով: Հեղինակները ներկայացրեցին իրենց շարադրությունները կինոդիտումներից առաջ կամ հետո:

Այսպիսով, փառատոնը շատ լավ առիթ էր վեր հանելու եւ քննարկելու մարդու իրավունքների, խաղաղության ու համակեցության վերաբերյալ հիմնախնդիրները:

Փառատոնը դարձավ նաեւ կրթական միջոցառում, որտեղ ինտերակտիվ քննարկումների ու մտքի փոխանակման միջոցով հանդիսատեսը սովորեց նայել կյանքին մի այլ տեսանկյունից, նրանց մոտ ձեւավորվեց երեւույթների ավելի լայնահայաց ընկալում:

Մյուս կողմից փառատոնը ուղղակիորեն առիթ էր երիտասարդների մեջ սերմանել հետաքրքրություն վավերագրական կինոնկարի հանդեպ:

Շարադրությունների ժողովածու